Բաժիններ՝

Լեհաստանի նախագահը կստորագրի ռուսական ազդեցության դեմ պայքարի մասին օրենք, որը կարող է թիրախավորել ընդդիմությանը

: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ մտադիր է օրենք ստորագրել ռուսական ազդեցության դեմ պայքարի վերաբերյալ: Ընդդիմությունը սա համարում է իշխող կուսակցության հակառակորդներին քաղաքական դաշտից հեռացնելու միջոց: Այս մասին տեղեկանում ենք Associated Press գործակալությունից:

Դուդան այս օրինագիծը որակել է որպես«Լեհաստանի շահերի պաշտպանության ձև» և հավելել, որ կստորագրի այն, քանի որ ԵՄ-ում և ԱՄՆ-ում նաև քննարկումներ են ընթանում երկրների ներքին քաղաքականության վրա Ռուսաստանի հնարավոր ազդեցության մասին։

«Կարևոր հասարակական և քաղաքական հարցերը պարզաբանելիս ինձ համար հույժ կարևոր է թափանցիկությունը: Հասարակայնությունը պետք է սեփական կարծիք ձևավորի այն մասին, թե ինչպես են իր ներկայացուցիչները հոգ տանում երկրի շահերի մասին: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ հավանություն տալ օրինագծին», – հայտարարել է նախագահը։

Նրա կարծիքով՝ մյուս եվրոպական երկրներում, ինչպես նաև ԵՄ-ի մակարդակով, անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մեխանիզմներ, որոնք համարժեք են Լեհաստանի նոր օրինագծով նախատեսված դրույթներին։ Դուդան հավելել է, որ այդ մասին կհայտարարի Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում։

Լեհաստանի սեյմը օրինագծին հավանություն է տվել մայիսի 26-ին: Օրինագիծը նախատեսում է երկրում ռուսական ազդեցության դեպքերը հետաքննող պետական ​​հանձնաժողովի ստեղծում։ Հանձնաժողովն ունենալու է դատախազության և դատարանի լիազորություններ, այն կկարողանա պատիժ սահմանել պաշտոնատար անձանց նկատմամբ:

Կարծիք կա, որ օրինագիծն ուղղված է ընդդիմության և նրա ներկայիս առաջնորդի՝ նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի դեմ, և ընդհանուր առմամբ, նման փաստաթղթի հաստատումը կարող է ազդել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ելքի վրա։ Օրինագծի քննադատները կարծում են, որ այն խախտում է երկրի Սահմանադրությունը և անկախ դատարանի առաջ կանգնելու քաղաքացիների իրավունքը։

Անդրադառնալով քննադատների մտահոգություններին՝ Դուդան հավաստիացրել է, որ օրինագիծը հանձնաժողովին իշխանություն չի տա որևէ մեկին հեռացնել հասարակական կամ քաղաքական կյանքից:

Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և հրապարակվելուց մեկ շաբաթ անց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս