
Մեկշաբաթյա հրադադարի ավարտից առաջ Սուդանում բախումները վերսկսվել են

Սուդանի բանակի և «Արագ արձագանքման ուժերի» (հատուկ ջոկատների) միջև այսօր երկրի մայրաքաղաքում վերսկսվել են բախումները՝ յոթնօրյա հումանիտար հրադադարի ժամկետի ավարտից մի քանի ժամ առաջ։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կրակոցներ են լսվում Խարթումի մի քանի շրջաններում։ Բացի այդ, մարտեր են ընթանում նաև Օմդուրման քաղաքի հարավում և արևմուտքում։ Հրադադարի ռեժիմի գործողության ժամկետը, որի շուրջ հակամարտող կողմերը պայմանավորվել էին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, ավարտվում է տեղական ժամանակով 21:45-ին (Երևանի ժամանակով 23:45-ին): Ընդ որում, բանակն ու հատուկ ջոկատայիններն անցյալ շաբաթ պատրաստակամություն էին հայտնել քննարկելու հումանիտար զինադադարի երկարաձգման հարցը։
Սուդանում իրադրությունը սրվել է բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի» ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի միջև տարաձայնությունների պատճառով։ Այս երկու կառույցների միջև հիմնական հակասությունները կապված են Սուդանի միասնական զինված ուժերի ձևավորման ժամկետների և մեթոդների հարցերի հետ: Ապրիլի 15-ին բախումներ են սկսվել երկու կառույցների միջև Մերով քաղաքի ռազմակայանի մոտ, ինչպես նաև մայրաքաղաք Խարթումում։
Սուդանի բժիշկների արհմիության վերջին տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր զոհվել է առնվազն 866 խաղաղ բնակիչ: