Սյունիքի մարզպետը վստահեցնում է, որ անհրաժեշտ ինքնապաշտպանության համար զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում
Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ ադրբեջանական դիրքերն այսօր շատ մոտ են և անհրաժեշտ է անվտանգային միջոցառումներ իրականացնել:
Նրա խոսքով՝ հասկանալի պատճառներով այդ հարցի առնչությամբ շատ փակագծեր չի բացի, միայն վստահությամբ ընդգծեց, որ զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում:
«Բոլոր սահմանամերձ բնակավայրերում էլ կան զենքեր։ Կան մարդիկ, ովքեր ուզում են զենքը միշտ ունենալ իրենց հետ, ինչը միանշանակ ճիշտ չէ: Մենք պետք է աչալուրջ լինենք: Դուք էլ հասկանում եք` եթե զենքի կրման, պահելու հետ կապված հստակ կանոնակարգում չլինի, ապա այդ ամենի հետևանքով կարող են դժբախտ պատահարներ գրանցվել: Ասել, որ սահմանամերձ գյուղերում զենք չկա, սխալ է: Դրանք կան»:
Ըստ մարզպետի՝ նույնիսկ առաջնագծում կանգնած զինվորը, երբ դիրքից իջնում է, և հերթափոխ է տեղի ունենում, միշտ զենքը թողնում է զինանոցում:
Նա ընդգծեց, որ զենքը մարզում այնքան է, որքան անհրաժեշտ է համարում ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Մարզպետի խոսքով՝ Սյունիքում մի շարք համայնքներ, այդ թվում՝ Կապան քաղաքը, Ադրբեջանի զորքերի նշանառության տակ են։ Սյունիքը շուրջ 420 կմ սահման ունի Ադրբեջանի և Նախիջևանի հետ։
«Ես վստահ եմ, որ այլ երկրների բազմաթիվ պլաններ տապալվել են, որովհետև Սյունիքը եղել է միասնական ու կայուն, ինչը նշանակում է, որ շատ լավ հնարավորություն, նաև ժամանակ է տրվում նախապատրաստվել տնտեսական զարգացմանը, ինչը կբերի դիմադրողականության բարձրացմանը։ Ողջ պատմության ընթացքում, երբ միասնական ենք, ոչինչ տեղի չի ունենում, երբ պառակտվում ենք, անմիջապես հատուցում ենք դրա համար։ Սյունիքը միշտ կայուն է, ես սիրում եմ միշտ ասել՝ սյունյաց պատը պետք է լինի ամուր և երբեք չպետք է քանդվի»,- նշեց Ղուկասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս պետք է դիմակայել այսօրվա մարտահրավերներին: