Տեղ գյուղում շուրջ 50 տնտեսվարող սեփական հողատարածքներ գնալու հնարավորություն չունի. մարզպետ
Սյունիքի մարզի Տեղ գյուղում շուրջ 50 տնտեսվարող սեփական հողատարածքներ գնալու հնարավորություն չունի․ խոսքն այն տարածքների մասին է, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը, ինչպես նաև այն հատվածների, որտեղ տեղակայվել և ինժեներական աշխատանքներ են իրականացնում հայկական զինված ուժերը։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Երբ դիրքերի կահավորման աշխատանքներն ավարտվեն, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հստակ արձանագրել գյուղատնտեսական վնասը, որպեսզի հետագայում հնարավոր լինի փոխհատուցել: Ընդհանուր առմամբ, հիմա 50 տնտեսվարող չեն կարողանում մոտենալ իրենց հողատարածքներին»,- ընդգծեց մարզպետը:
Նա շեշտեց, որ այդ խնդիրը հիմնականում առկա է Տեղ գյուղում:
Անդրադառնալով առհասարակ Սյունիքի մարզում տիրող իրավիճակին՝ նա ընդգծեց, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ: Չնայած այդ ամենին՝ տեղի բնակիչները չեն լքել իրենց տները և նման մտադրություն էլ չունեն։
Ղուկասյանը նաև ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո մարզի բնակչության թիվը չի փոխվել։ Անգամ որոշ դեպքերում այն անձինք, որոնք մինչ այդ հեռացել էին հայրենի տարածքներից, վերադարձել են։ Միակ բացառությունը, ըստ մարզպետի, եղել է 2021 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ 2 օրով մարդիկ լքել էին իրենց տները․ դա նկատվել է դպրոցներում աշակերտների հաճախելիությամբ, սակայն շատ արագ նրանք վերադարձել են։