Արցախ մեկնելու հնարավորությունից զրկված արցախցիները շարունակում են բնակվել Գորիսի հյուրանոցներում

Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախ վերադառնալ չկարողացող արցախցիները շարունակում են բնակվել Գորիսի հյուրանոցներում։

Այս մասին լրագրողներին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Սյունիքի մարզում ապրում են Աղավնո գյուղից և Բերձոր քաղաքից հարկադրաբար տեղահանվածներ և Արցախի բնակիչներ, որոնք Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով չեն կարողանում վերադառնալ տուն: Արցախցի մեր հայրենակիցները տեղավորվել են Գորիս քաղաքի հյուրանոցներում, ապահովված են սննդով և կացարանով: Նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է միշտ նրանց կողքին: Բնականաբար, դա երբեք չի կարող փոխլրացնել այն, որ մարդիկ զրկված են իրենց տուն գնալու, իրենց երեխաներին տեսնելու հնարավորությունից»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ մարզպետարանին հայտնի չէ գեթ մեկ ընտանիք, որին անձամբ ինքը կամ մարզպետարանի ղեկավար անձնակազմն այցելած և աջակցած չլինի: Աղավնոյից և Բերձորից տեղահանվածներն ունեն նաև բնակարանների գնման վկայականներ:

«Այստեղ հարցը մի քիչ հոգեբանական է: Շատ լավ կլինի, որ մարդիկ իրենք վերջնական ընտրեն այն բնակավայրը, որտեղ կուզեն բնակվել: Այն, որ Սյունիքում ավելի մեծ թվով արցախցիներ կան, կարծում եմ, դա պայմանավորված է նրանով, որ նրանք ուզում են հնարավորինս մոտ լինել այն տարածքին, որտեղից ստիպված են եղել դուրս գալ»,- ասաց նա։

Ռոբերտ Ղուկասյանը նաև հավելեց, որ սյունեցիներն արցախցիներին աջակցում են բոլոր հարցերում:

Տեսանյութեր

Լրահոս