Վրաստանի նախագահը կոչ է արել իրավական սահմանափակումներ կիրառել երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ իր ելույթում քննադատել է իշխանություններին Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները վերսկսելու, ինչպես նաև այն բանի համար, որ երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ մինչև այժմ իրավական սահմանափակումներ չեն մտցվել։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
«Անկախությունը, որը մենք այսօր տոնում ենք, նշանակում է պաշտպանություն, որը ղեկավարվում է կանոններով ու օրենքներով։ Սա պետության մոտեցումն է, որը պետք է տարածվի բոլորի վրա։ Ուստի անհասկանալի է, թե ինչու որևէ միջոց և իրավական կարգավորում չի սահմանվել զանգվածաբար Վրաստան ժամանած ռուսաստանցիների համար, նրանց գործունեության նկատմամբ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը», – հայտարարել է Վրաստանի նախագահը։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ անհասկանալի է դարձել նաև Վրաստանի արտաքին քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, ավելի ու ավելի է մեկուսացվում եվրոպական հեռանկարից։
«Չկա այնպիսի ժողովուրդ, որը չի վախեցել պատերազմից… Բայց վախի սաստկացումը երկրում, որն այսքան ներխուժումներ ու նվաճումներ է հիշում, չի կարելի օգտագործել որպես հաջող կառավարման բանաձև… Անհասկանալի ու վիրավորական է, երբ մենք այսօր հաշվարկում ենք, թե քանի միլիոն կբերի մեզ թռիչքների «նվերը»: Մի՞թե մեր արժանապատվությունը վաճառվել է 200 կամ 300 միլիոնով», – հավելել է նախագահը:
Ավելի վաղ Զուրաբիշվիլին, ի պատասխան Թբիլիսիի հետ այցագրային ռեժիմը չեղարկելու Ռուսաստանի Դաշնության որոշման, կոչ էր արել Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել և քննարկել ռուսաստանցիների համար եռամսյա այցագրեր սահմանելու հարցը։ Զուրաբիշվիլին հանդես է եկել ՌԴ քաղաքացիների աշխատանքի իրավունքի, ինչպես նաև բիզնեսը գրանցելու, սեփականություն ձեռք բերելու կամ Վրաստանում ռուսալեզու դպրոցներ բացելու իրավունքի կարգավորման օգտին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ չեղարկել էր Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև հանել էր ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթներ իրականացնելու՝ 2019 թ.-ին սահմանված արգելքը։