
Շոլցը դեմ է արտահայտվել Ուկրաինայում հակամարտության «սառեցմանը»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ընդունելի չի համարում Ուկրաինայում հակամարտության հնարավոր սառեցումը։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ խոսք չի կարող լինել յուրատեսակ «սառը խաղաղություն» կնքելու մասին, որի դեպքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր սահմանը կանցնի մոտավորապես ճակատային գծով», – ասել է նա Kölner Stadt-Anzeiger հրատարակությանը տված հարցազրույցում։
Նա պարզաբանել է, որ «արդար խաղաղությունը» հնարավոր է միայն Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման դեպքում։ Սակայն այն հարցին, թե արդյոք նրանք պետք է լքեն Ղրիմը, Շոլցը պատասխանել է. «Մենք չենք կարող Ուկրաինայի փոխարեն ձևակերպել, թե ինչ պայմանավորվածությունների է նա ցանկանում հասնել»։
Բացի այդ, Շոլցը հայտարարել է, որ պլանավորում է կրկին հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մեր վերջին հեռախոսային շփումից արդեն որոշակի ժամանակ է անցել: Եվ ես մտադիր եմ հարմար ժամանակ կրկին խոսել Պուտինի հետ», – ասել է նա։
Մայիսին ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի քննարկումներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել էր, որ Վաշինգտոնը պատրաստվում է ուկրաինական ճգնաժամի հնարավոր սառեցմանը և այն բանին, որ այն կարող է տևել տասնամյակներ: