Միրզոյանը և Դոքերթին կարևորել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել տնտեսական, գիտական, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ընդգծելով, որ կողմերը կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս են, որ կկարողանան համատեղ ճանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցությանը։
«Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը։ Լիահույս ենք, որ դա իր արտացոլումը կունենա նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցության հարցում»,- ասաց Միրզոյանը։
Չնայած նկատվող առևտրաշրջանառության ծավալի որոշակի աճին՝ ԱԳ նախարարը հուսով է հաջորդ հանդիպումների ընթացքում արձանագրել էլ ավելի մեծ դրական դինամիկա։
«Երկուստեք կարևորել ենք նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների իրավապայմանագրային հիմքի ամրապնդումը, մասնավորապես համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման մասով։ Կարծում ենք, որ փոխադարձ բարձրաստիճան այցերի իրականացումը այս ուղղությամբ ևս խթան կհանդիսանա»,- ընդգծեց Միրզոյանը։
ԱԳ նախարարը հայտնեց, որ Դոքերթիի հետ հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ ուղղված ժողովրդավարական ինտիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և արդյունավետ կառավարման ապահովմանը։
«Այս համատեքստում մենք արժևորում ենք Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»,- եզրափակեց Միրզոյանը։