
Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանում առավոտյան ընդհատված արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տնօրեն Յուրի Չերնիչուկը:
«Մոսկվայի ժամանակով ժամը 14:20-ին Զապորոժիեի ԱԷԿ-ին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Կայանն աշխատում է բնականոն ռեժիմով: Դիզելային գեներատորների աշխատանքը դադարեցվել է և դրվել հերթապահ ռեժիմի: Շահագործվում է 750 կՎ «Դնեպրովսկայա» օդային գիծը», – ասված է ատոմակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում առավոտյան անջատվել էր արտաքին էլեկտրամատակարարումը, որն ապահովվում էր Ուկրաինայի տարածքում գտնվող գծից: Սեփական կարիքների համար ԱԷԿ-ի էլեկտրաէներգիան ապահովվում էր դիզելային գեներատորներից:
Միջադեպից հետո Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին լուրջ մտահոգություն էր հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակի առնչությամբ: