Սուդանում նախատեսվող հրադադարից ժամեր առաջ թեժ մարտերը շարունակվում են. զոհերի թիվը շուրջ 1000 է
Սուդանում մեկ շաբաթով հայտարարված հումանիտար հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ մայրաքաղաք Խարթումում դարձյալ հրաձգություններ և պայթյուններ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան երեկ հայտարարել էին, որ մայիսի 22-ին, տեղի ժամանակով երեկոյան 9:45-ին հակամարտող կողմերի միջև հրադադարն ուժի մեջ կմտնի, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերել: Նախկինում մի քանի անգամ հայտարարված բոլոր հրադադարները խախտվել են:
Սուդանում մարտերը սկսվել են ապրիլի 15-ին երկրի դե ֆակտո ղեկավար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի» (հատուկ ջոկատներ) ղեկավար, Բուրհանի նախկին տեղակալ Մոհամեդ Համդան Դագալոյի միջև: Կիրակի օրը կողմերը հայտարարել էին, որ կհարգեն հրադադարը, սակայն հակամարտության 37-րդ օրը Խարթումում դարձյալ ավիահարվածներ են սկսվել:
France 24-ի տեղեկություններով՝ վերջին 5 շաբաթների ընթացքում շուրջ 1000 մարդ է սպանվել, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է: