ՌԴ-ից հաղորդել են Բելգորոդի գնդակոծության մասին, ռուսական ուժերն էլ հարվածել են Դնեպրին
Ռուսաստանի Բելգորոդի մարզում մի քանի ժամ է՝ շարունակվում է Գրայվորոնսկի շրջանի գնդակոծությունը: Այս մասին Telegram ալիքում հաղորդել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Առավոտյան ժամը 9-ից Գրայվորոնսկի քաղաքային շրջանը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ: Խաղաղ բնակիչների շրջանում վիրավորներ չկան: Մեր հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է։ Հրթիռի մի մասն ընկել է Անտոնովկա գյուղում մասնավոր բնակելի տան այգում», – գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ ականանետներով գնդակոծվում է Կոզինկա գյուղը: Արկերից մեկն ընկել է մասնավոր բնակելի տան վրա, տունն այրվել է: Եվս մեկ արկի ընկնելու հետևանքով վնասվել է մեկ այլ բնակելի տուն և մեքենա: Երրորդ արկը վնասել է բնակելի տան պարիսպը:
Ականներ են ընկել նաև Գոռա-Պոդոլ, Զամոստյե բնակավայրերում:
Ուկրաինայից էլ հաղորդել են, որ Ռուսաստանը գիշերը հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել է Դնեպր քաղաքին: Ըստ տեղի իշխանությունների՝ ՀՕՊ համակարգը խոցել է 15 ԱԹՍ և 4 հրթիռ: Որոշ հրթիռներ էլ հասել են քաղաք: Նշվում է, որ Դնեպրում վնասվել է մասնավոր ձեռնարկություն, իսկ բեկորներից և պայթյուններից մի քանի մարդ է վիրավորվել: Բազմաթիվ շենքեր և մեքենաներ վնասվել են:
Իսկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Բախմուտի համար մարտերը շարունակվում են: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն օրերս հայտարարել էր, թե լիովին վերցրել է քաղաքը՝ դուրս գալով քաղաքի արևմտյան արվարձան: Ըստ ուկրաինական կողմի՝ իրենք դեռ վերահսկում են քաղաքի մի մասը: