Բաժիններ՝

SpaceX-ի տիեզերանավը Միջազգային տիեզերակայան է տարել զբոսաշրջիկների

Falcon 9 հրթիռը Dragon կառավարվող տիեզերանավով մասնավոր թռիչք է կատարել դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)՝ որպես կոմերցիոն Axiom ծրագրի մի մաս: Այս մասին հաղորդում է Space պարբերականը:

Տիեզերանավն արձակվել է Ֆլորիդայի Կանավերալի հրվանդանում գտնվող Քենեդիի տիեզերական կենտրոնից, մայիսի 21-ին՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 17:37-ին (Երևանի ժամանակով երկուշաբթի 01:37-ին): ՄՏԿ-ի հետ միացումը նախատեսված է մայիսի 22-ին, ժամը 09:24-ին (Երևանի ժամանակով 17:24-ին):

Սա ամերիկյան Axiom ընկերության ծրագրով արդեն երկրորդ կոմերցիոն թռիչքն է դեպի ՄՏԿ։

Տիեզերանավը ղեկավարում է NASA-ի նախկին տիեզերագնաց և ՄՏԿ-ի առաջին կին հրամանատար Փեգի Ուիթսոնը, օդաչուն ձեռնարկատեր Ջոն Շոֆներն է, իսկ անձնակազմի անդամները՝ Սաուդյան Արաբիայի տիեզերագնացներ Ռայյանահ Բարնավին և Ալի ալ-Քարնին։ Ի դեպ, Բարնավին առաջին սաուդցի կինն է, որ երբևէ մեկնել է տիեզերք: Տիեզերագնացներն ութ օր կանցկացնեն ՄՏԿ-ում, որի ընթացքում կաշխատեն տիեզերակայանի մշտական ​​անձնակազմի հետ միասին։

Բացի դրանից, նրանք նաև այլ անկախ հետազոտություններ կանցկացնեն՝ տարբեր թեստեր և չափումներ իրականացնելով սեփական մարմնի վրա: Չնայած ուղեծիր մեկնող մասնավոր խմբերը ևս ինտենսիվ նախապատրաստում են անցնում, սակայն դա չի կարելի համեմատել տիեզերագնացների հետ: Հետևաբար, ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները կփորձեն հասկանալ ոչ փորձառու անձնակազմերի արձագանքն անկշռությանը և այդ տվյալները կօգտագործեն դեպի ՄՏԿ կարճատև ուղևորությունների ժամանակ անձնակազմի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Առաջին Axiom-1 կոմերցիոն տիեզերագնաց առաքելությունը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլին։ Երրորդ Axiom (Ax-3) առաքելությունը նախատեսվում է իրականացնել 2023 թվականի վերջին, որի ընթացքում չորս հոգուց բաղկացած անձնակազմը երկու շաբաթ կանցկացնի ՄՏԿ-ում:

Axiom-1 առաքելության յուրաքանչյուր անդամի թռիչքի արժեքը գնահատվում է 55 միլիոն դոլար:

SpaceX-ի հետ համաձայնագրով Axiom Space ծրագրի շրջանակներում տիեզերական զբոսաշրջիկների հետ թռիչքները նախատեսվում է իրականացնել ապագայում տարեկան երկու-երեք անգամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս