Բաժիններ՝

Կանխվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, զենք և զինամթերք տեղափոխելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։

Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, ՀՀ քաղաքացի Ռ.Պ-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ, ինչպես նաև զենք, զինամթերք:

Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի մայիսի 18-ին, Ռ.Պ-ն, հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, վերցրել է նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրամիջոցների վերոնշյալ խմբաքանակը, զենքը և զինամթերքը, սակայն դրսևորելով զգուշավորություն, չբացահայտվելու նկատառումներից ելնելով, թաքցրել է այն հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում և հեռացել։ Այնուհետև, մայիսի 19-ին Ռ.Պ-ն վերոնշյալ հանցավոր արարքներին ներգրավելով ՀՀ քաղաքացիներ, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բնակիչներ՝ Մ.Պ-ին և Ա.Ք-ին, վերջիններիս ուղղորդել է Ա.Ք-ի կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտ, և իր նկարագրած թաքստոցից վերցնել թմրամիջոցների խմբաքանակը, զենքը, զինամթերքը ու այն տեղափոխել Քաջարան։

Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների կողմից։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Ռ.Պ-ն, Ա.Ք-ն և Մ.Պ-ն ձերբակալվել են։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներ, ինչպես նաև արտասահմանյան արտադրության 2 հատ մարտական ատրճանակներ՝ իրենց 20 հատ փամփուշտներով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031