
Հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը կբարձրանա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի «Մուկօպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը:
Ինչպես տեղեկանում ենք օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածած հաղորդագրությունից, այսպիսով, թատրոնն իր խաղացանկում կունենա նաև հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը, որն իսկական տոն կստեղծի փոքրիկ հանդիասատեսի համար: Այն հագեցած կլինի հիանալի մեղեդիներով, հետաքրքրաշարժ սյուժեով և գունագեղ ու շքեղ հագուստներով:
Ներկայացման երաժշտական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, դիրիժորը՝ Աթանես Առաքելյանը, բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը, ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը: Գործիքավորումը՝ Մելիք Մավիսակալյանի: