Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 19-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության «Հոդված 3» մարդու իրավունքի դպրոցի սաներին: Հայտնում են դատախազությունից:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տուն-ինտերնատներում, խնամքի կենտրոններում և նման այլ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, այդ համատեքստում Դատախազության լիազորություններին, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին, քրեական ենթամշակույթի դեմ պայքարում առկա մարտահրավերներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առանձնահատկություններին, ինչպես նաև ատելության խոսքի պատժմանն ու կանխարգելմանն ուղղված քայլերին:

Դպրոցի 22 սաների հետ հանդիպմանը մասնակցել են նաև Հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը և Դպրոցի համակարգող Անուշիկ Մկրտչյանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է Դպրոցի սաներին և շնորհակալություն հայտնել՝ հանդիպումը նախաձեռնելու համար

Գլխավոր դատախազը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Դատախազության լիազորությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում՝ ընդգծելով, որ Դատախազությունը, թեև ընդունված ընկալման տեսանկյունից սահմանափակում է մարդկանց մի խմբի իրավունքները, սակայն, դրա հետ մեկտեղ, պաշտպանում է մեկ այլ խմբի՝ տուժողների իրավունքները:

«Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ: Երբ գնում եմ մարզային այցերի, չհայտարարված այց եմ կատարում նաև տուն-ինտերնատներ և խնամքի կենտրոններ: Դա ոչ միայն իմ՝ որպես հանրապետության գլխավոր դատախազի, այլ նաև որպես ՀՀ քաղաքացու վերաբերմունքն է: Ինչո՞ւ, որովհետև ես վստահ եմ, որ Դատախազությունն այն անձանց ձայնն է, ում իրական ձայնը շատ ցածր է հնչում հասարակության մեջ՝ պայմանավորված նրանց խոցելի կարգավիճակով և կյանքի դժվարին պայմաններով: Երբ խոսքը վերաբերում է տուն-ինտերնատներին և խնամքի կենտրոններին, պատճառված վնասի չափը կարևոր չէ. նույնիսկ մեկ դրամի չարաշահումը Դատախազության համար պատժելի վարքագիծ է», – նշել է Աննա Վարդապետյանը: Այս համատեքստում, որպես օրինակ, գլխավոր դատախազն անդրադարձել է Սուրբ Զատկի տոնին Աբովյան քաղաքում գործող «Նարեկ» մասնավոր խնամքի կենտրոն կատարված չհայտարարված և չլուսաբանված այցին, ինչպես նաև Գավառի մանկատուն կատարված այցին հաջորդած պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու գործընթացին (այցի ընթացքում մանկատանը պատկանող հարակից այգում մասնավոր սեփականություն հանդիսացող անշարժ գույք էր արձանագրվել):

Անդրադառնալով պետական և արդեն համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնեական դիրքի չարաշահմանն առնչվող քրեական վարույթներին զուգահեռ, օրինակ՝ երբ օտարման ոչ ենթակա տարածքը օտարվել է երրորդ անձի, Դատախազությունը հայց է ներկայացնում դատարան՝ պահանջելով այդ գույքը վերադարձնել պետությանը (համայնքին):

Աննա Վարդապետյանն, ի պատասխան քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ընթացքում առաջացող մարտահրավերները հաղթահարելու հարցին, առանձնացրել է պայքարի երկու ուղղություններ՝ քրեաիրավական խիստ գնահատական կատարված արարքին, դրա դատապարտում և հասարակության անդամների արժեքային համակարգի փոփոխմանն ուղղված աշխատանքներ:

Ատելության խոսքի, բռնության կոչերի բացառման հարցում հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է հանդուրժողականության անհրաժեշտությունը: «Հանդուրժողականությունը մարդկության ամենամեծ ձեռքբերումներից է: Դրա շնորհիվ է, որ այսօր մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ կան իրավունքներ: Եթե բռնությանը հակազդում ես բռնությամբ, ծնում ես երրորդ բռնությունը, որն ավելի ռեպրեսիվ է լինելու: Բռնության արդյունավետ հակազդումը միայն օրենքով սահմանված անխուսափելի և արագ պատիժն է: Մեր առօրյա խոսքը՝ կենցաղում թե սոցիալական հարթակներում, պետք է լինի բարեկիրթ ու հանդուրժող: Մենք կարող ենք համաձայն չլինել զրուցակցի հետ, բանավիճել, բայց այդ ընթացքում իրար չվիրավորել, խտրական վերաբերմունք ցույց չտալ միմյանց նկատմամբ: Սա երկար ճանապարհ է, որը բոլորս պետք է սկսենք անցնել», – ընդգծել է Աննա Վարդապետյանը և պատասխանել Դպրոցի սաներին հետաքրքրող հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս