Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Ճապոնիան ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային. Բայդեն

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ Հիրոսիմայում երկկողմ հանդիպում է կայացել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև: Սպիտակ տան ղեկավարը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել Ճապոնիան ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության, Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի զսպման և արձագանքման կարողությունների ամրապնդման վերաբերյալ:

«Նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Ճապոնիայի պաշտպանությանը՝ Փոխադարձ համագործակցության և անվտանգության պայմանագրին համապատասխան, բոլոր հնարավորություններով, այդ թվում՝ միջուկային», – ասվում է հայտարարության մեջ։

Կողմերը նաև համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը Չինաստանին առնչվող հարցերի վերաբերյալ: Նրանք նաև կրկնել են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը:

ԱՄՆ ղեկավարը նաև ողջունել է Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև հարաբերությունների լավացումը: Բայդենը և Կիսիդան համաձայնել են, որ կշարունակեն Հարավային Կորեայի հետ միասին աշխատել Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացման ուղղությամբ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի:

G7-ի գագաթնաժողովը Հիրոսիմայում կանցկացվի մայիսի 19-21-ը: Գագաթնաժողովին ընդառաջ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: Հիրոսիմայում կարգուկանոնը կապահովի ոստիկանության շուրջ 24 հազար աշխատակից։ 140 հանրակրթական հաստատություններ ժամանակավորապես կփակվեն։ Մինչև երկուշաբթի աշխատանքը դադարեցրել է Ճապոնիայի խոշոր ավտոարտադրողներից մեկը՝ Mazda Motor գործարանը։ Սահմանափակումները կվերաբերեն նաև զբոսաշրջիկներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս