Բաժիններ՝

Հայոց ազգագրության թանգարանը բազմազան միջոցառումներով կտոնի հոբելյանը

2023-ին լրանում են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հիմնադրման 55, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի հիմնադրման 45 և 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի 105-ամյակները, ինչի կապակցությամբ մի շարք հետաքրքիր միջոցառումներ են նախատեսվում:

Մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան»-ի տնօրեն Կարեն Փահլևանյանն ասաց՝ ընթացիկ տարում նախատեսել են միջոցառումների շարք, որոնց մի մասն առաջին չորս ամսվա ընթացքում կյանքի է կոչվել: Արդյունքում այցելուների թիվն ավելացել է 65 տոկոսով:

«Այսօր բացվել է «Հայկական տարազը եվրոպական փորագրանկարներում» ժամանակավոր ցուցահանդեսը: Տուրօպերատորների, զբոսաշրջային խմբերի նախնական հայտերից ենթադրում ենք, որ այն մեծ հետաքրքրություն ունի: Ցուցահանդեսում փորձել ենք ներկայացնել, թե ինչպիսին են եղել հայ կանայք ու տղամարդիկ եվրոպացիների աչքերով 17-րդ դարից մինչև 20-րդ դարը»,-նշեց Փահլևանյանը:

Նրա խոսքով՝ սպասված միջոցառումներից է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում նախատեսված «Ծիրանաքաղ»-ը, որի շրջանակում պատմելու են, թե ինչ նշանակություն ունեն հայերի համար բերքահավաքը, ծիրանը և այլն:

Մեծ մասնակցություն են ակնկալում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ կազմակերպվող «Ծիրանափողի կանչը» միջոցառմանը: «Այն առիթ կլինի հանրահռչակելու հայկական դուդուկը: Ցուցահանդեսը մեկնարկելու է սեպտեմբերի 13-ին. մասնակցելու են տարբեր ստեղծագործական խմբեր, ծիրանափող պատրաստող վարպետներ և այլք: Նույն օրը բացվելու է նաև հայկական նվագարանների ցուցադրությունը»,-պատմեց նա:

Տնօրենի խոսքով՝ հետաքրքիր կլինի նաև արծաթյա և ոսկյա հիմքով 1200 գոտու ցուցադրությունը:

Խոսելով հրատարակվող գրքերի մասին՝ Կարեն Փահլևանյանն ասաց՝ արդեն իսկ անցկացրել են միջազգային գիտաժողով, որում քննարկվել են հայկական մշակույթի ինքնությանը վերաբերող հարցեր: Նյութերը հրատարակվելու են թանգարանի հանդեսում: Լույս են ընծայելու հայկական վիշապագորգերին վերաբերող կատալոգ, տպագրելու են «Սարդարապատի հուշահամալիր-55» և «Հայոց ազգագրության թանգարան-45» ալբոմները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս