Թանգարանների տոնին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կցուցադրվեն վարպետի ճամփորդական իրերը
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում կներկայանա տարբեր նախաձեռնություններով:
Տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Արմենուհի Ավետիսյանը մայիսի 18-ին տեղեկացրեց, որ ցուցահանդեսով ներկայացնելու են Իսահակյանի ճամփորդական իրերը և ստեղծելու են գեղեցիկ միջավայր, որպեսզի այցելուները կարողանան նաև հետաքրքիր լուսանկարներ ստանալ, իրականացնելու են «Խաղաղություն ենք փնտում» խորագրով համերգը՝ նախատեսված փոքրիկների համար, մոնոներկայացում՝ Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա, դասական երաժշտության համերգ, կիթառի համերգ և այլն:
«Տուն-թանգարանը, որը քաղաքի ակտիվ մշակութային օջախներից է, 2023-ին տոնում է հիմնադրման 65-ամյակը և Ավետիք Իսահակյանի 150-ամյակը: Ամբողջ տարվա ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, կրթական և այլ ծրագրեր, որոնց մասնակցել են ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները: Նախատեսում ենք «Ի՞նչ է ասում էպոսը» ծրագիրը կյանքի կոչել, առակներին, ազգային երգին, Անի մայրաքաղաքին նվիրված կրթական ծրագրեր ենք իրականացնում և այլն»,-նշեց Ավետիսյանը:
Տուն-թանգարանն արդեն շենքի բարեկարգման, ցուցադրության փոփոխության առաջարկներով է ներկայացել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ:
Կլինի զեղչային համագործակցային փաթեթ: Այն կազմակերպությունները, որոնք տուն-թանգարանի հետ հուշագիր կկնքեն, կունենան արտոնություններ ու կարող են արտոնություններով օգտվել կրթական ծրագրերից: Իսկ մարզերի բնակիչներին, խոցելի խմբերին հասանելի դառնալու նպատակով տուն-թանգարանը նաև ակտիվ կլինի առցանց հարթակում: