
Տեղի է ունեցել Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի բացման հանդիսավոր արարողությունը

Բրազիլիայի խորհրդարանի պատգամավորների պալատում տեղի է ունեցել Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի բացման հանդիսավոր արարողությունը: Խմբի նախագահն է Սան Պաուլոյի դաշնային պատգամավոր Միլտոն Վիեյրան: Խումբը բաղկացած է 33 խորհրդարանականներից:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծմամբ նոր լիցք է հաղորդվում երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև կապերի խորացմանը:
Պատգամավորական բարեկամության խմբի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել Բրազիլիայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը: Ներկա էին Սան Պաուլոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հիլդա Տիրուհի Բուրմայանը, Հայ առաքելական եկեղեցու Բրազիլիայի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը, Սան Պաուլոյի և Ռիո դե Ժանեյրոյի հայ համայնքի ներկայացուցիչներ: