Բաժիններ՝

Ֆինլանդիան սառեցրել է ռուսաստանցի օլիգարխ Ռոտենբերգի հաշիվները

Հելսինկի քաղաքի վերաքննիչ դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը և թույլ է տվել սառեցնել ռուսաստանցի օլիգարխ Արկադի Ռոտենբերգի ընկերության հետ կապված հաշվի վրա առկա միլիոն եվրոյի մեկ երրորդ մասը: Այս մասին հաղորդել է ֆիննական Helsingin Sanomat թերթը:

Խոսքը ֆիննական ընկերության հետ գործարքի մասին է, որը հանքային պարարտանյութեր է գնել Դուբայից։ Դեռևս 2021 թ.-ի հոկտեմբերին դատարանը կալանք էր դրել 323 հազար եվրոյի վրա՝ հօգուտ դուբայական Agricultural Minerals DMCC-ի, քանի որ որոշել էր, թե Ռոտենբերգն ուղղակի կամ անուղղակի մուտք է ունեցել դեպի այդ պարարտանյութերը։

Շրջանային դատարանը բեկանել էր այս որոշումը, սակայն վերաքննիչ դատարանը կանգնել է մեղադրող կողմի կողմը և որոշել կալանք դնել դրամական միջոցների վրա։ Որպես ապացույց՝ դատարանը հաշվի է առել ԶԼՄ-ների հետաքննությունները, որոնք ցույց են տվել, որ Դուբայի ընկերությունն իրականում գործել է Ռոտենբերգի կողմից վերահսկվող «Մինուդոբրենիա» ռուսական բաժնետիրական ընկերության անունից։

Թեև վերաքննիչ դատարանը դիմել է Agricultural Minerals-ին, խնդրելով փաստաթղթեր ներկայացնել այն մասին, որ այդ գումարը չի փոխանցվի պատժամիջոցի ենթարկված անձին կամ չի օգտագործվի նրա կողմից, սակայն նման փաստաթղթեր այդպես էլ չի ստացել:

Ֆինլանդիան ակտիվորեն սառեցնում է պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի օլիգարխների և այլ անձանց ակտիվներն այն բանից հետո, երբ 2022 թ.-ի փետրվարին Ռուսաստանը ռազմական գործողություններ ծավալեց Ուկրաինայի դեմ: Helsingin Sanomat-ի տեղեկացմամբ՝ ապրիլի վերջին սառեցվել են 1710 ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շուրջ 244 մլն եվրո գումարի ակտիվները։

Մայիսի 17-ին Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը սառեցրել է Ֆինլանդիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների բանկային հաշիվները: Խոսքը Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատան և Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսության մասին է։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պեկկա Հաավիստոյի խոսքով՝ Ֆինլանդիան նոտա է հղել Ռուսաստանին, սակայն պաշտոնական բացատրություններ դեռ չի ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս