Բայդենը ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Հիրոսիմայում մայիսի 19-ից մինչև 21-ը։ Միացյալ Նահանգների ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Յամագուտիի պրեֆեկտուրայում` ԱՄՆ ծովային հետևակի ավիաբազայում: Այնուհետև Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղեկցությամբ, ամերիկյան ռազմաբազայից մեկնել է Հիրոսիմա: Այս մասին գրում է ճապոնական NHK հանրային հեռարձակող ընկերությունր:
Հիրոսիմայում գագաթնաժողովից առաջ ԱՄՆ նախագահը երկկողմ բանակցություններ կվարի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։
Բայդենը կլինի ԱՄՆ երկրորդ գործող նախագահը, որն այցելում է Հիրոսիմա, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ենթարկվեց ամերիկյան ատոմային ռմբակոծության։ Նրանից առաջ 2016 թվականին Հիրոսիմա էր ժամանել Բարաք Օբաման:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, Բայդենը չի նախատեսում ներողություն խնդրել 1945 թ.-ի օգոստոսին ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների համար: Նախագահի խորհրդականը նշել է, որ G7-ի մյուս ղեկավարների հետ ԱՄՆ նախագահը կմասնակցի ծաղիկների խոնարհման արարողության և այլ միջոցառումների։
Օբաման 2016 թվականին Հիրոսիմա կատարած այցի ժամանակ նույնպես ներողություն չի խնդրել Ճապոնիայի քաղաքների ատոմային ռմբակոծությունների համար:
Բայդենը կրճատել է իր ուղևորության ժամկետը ԱՄՆ-ում պետական պարտքի շուրջ ընթացող քննարկումների պատճառով: Ճապոնիայից հետո նա պետք է մեկներ Ավստրալիա՝ Սիդնեյում կայանալիք Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD) երկրների (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ, Ճապոնիա) առաջնորդների գագաթնաժողովին: Կողմերը, հնարավոր է, կարճ քննարկումներ անեն G7-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին հրավիրված են նաև Ավստրալիայի և Հնդկաստանի ղեկավարները: