Բաժիններ՝

Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչն ավարտում է իր այցն Ուկրաինա. CNN

Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյն, ամենայն հավանականությամբ, այսօր կավարտի իր երկօրյա այցն Ուկրաինա: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հավելելով, որ Չինաստանը փորձում է ստանձնել խաղաղության միջնորդի դերը:

Ուկրաինան Լի Հուեյի եվրոպական շրջագայության առաջին կանգառն է: Ուկրաինայի կառավարությունում CNN-ի աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Չինաստանի ներկայացուցիչը Կիևում կլինի մայիսի 16-ին և 17-ին: Կիևից այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Այցի շրջանակներում Լի Հուեյը կայցելի նաև Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորումը։

Չինաստանը ևս իր ներկայացուցչի այցի մասին շատ մանրամասներ չի հաղորդել: Երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը չէր ներկայացրել ուղևորության կոնկրետ ծրագիրը՝ միայն նշելով, որ ողջ տեղեկատվությունը «կհրապարակվի իր ժամանակին»:

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ զրուցել էր անցյալ ամիս: Նա խոստացել էր միջնորդ հանդիսանալ հաշտության շուրջ բանակցություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս