Բաժիններ՝

Բայդենը չեղարկել է այցն Ավստրալիա և Պապուա Նոր Գվինեա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է իր առաջիկա այցերը Պապուա Նոր Գվինեա և Ավստրալիա, քանի որ Վաշինգտոնում շարունակվում են պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը:

Պաշտոնյան հայտնել է, որ մայիսի 16-ին Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին հայտնել է իր այցի չեղարկման մասին և վերջինիս հրավիրել է պաշտոնական այցով ժամանել ԱՄՆ: Ըստ հաղորդագրության՝ նախագահի թիմը խոսել է նաև Պապուա Նոր Գվինեայի վարչապետի թիմի հետ՝ տեղեկացնելով այցի չեղարկման մասին:

Բայդենի հետ զրույցից հետո Ավստրալիայի վարչապետը չեղարկել է Սիդնեյում կայանալիք Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD) երկրների (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ, Ճապոնիա) առաջնորդների գագաթնաժողովը: Ալբանիզը նշել է, որ կողմերը կարող են հանդիպել Ճապոնիայում Մեծ յոթնյակի երկրների առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում:

Այս ընթացքում ԱՄՆ-ում շարունակվում են քննարկումները պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ: Ըստ NPR պարբերականի՝ Բայդենը և Կոնգրեսի ղեկավարները հերթական հանդիպումից հետո հայտարարել են, որ ավելի լավատեսական են տրամադրված արդյունքների շուրջ, սակայն երկու կողմերն էլ առայժմ համաձայնության մանրամասների հետ կապված տարաձայնություններ ունեն:

Ներկայացուցիչների պալատի ղեկավար, հանրապետական Քևին Մաքքարթին բանակցություններից հետո հույս է հայտնել, որ մինչև շաբաթվա վերջ, գուցե, հնարավոր լինի համաձայնության հասնել:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել է, որ մինչև հունիսի 1-ը համաձայնություն չգալը կարող է դեֆոլտի հանգեցնել, իսկ ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը նշել է, որ դեֆոլտը կարող է համաշխարհային տնտեսական անկման բերել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջին ժամանակներս Կոնգրեսին կոչ է անում բարձրացնել պետական ​​պարտքի վերին շեմը, որն օրենսդրորեն սահմանված է 31,4 տրիլիոն դոլարի մակարդակում։ Հանրապետական ​​կուսակցությունը, որը վերահսկում է Ներկայացուցիչների պալատը, համաձայնել է բարձրացնել պարտքի վերին շեմը, սակայն դրա դիմաց պահանջում է կրճատել պետական ​​ծախսերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս