Քննարկվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները
Փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը մայիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, հյուպատոս Փոլ Մորրիսին և վարչական ծառայությունների ղեկավար Տաթևիկ Սիմոնյանին։
Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալներ՝ գնդապետ Տ․Պետրոսյանը, գնդապետ Ե․Կարապետյանը և գնդապետ Դ․Սարգսյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ՆԳՆ փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։
Կամո Ցուցուլյանը հյուրերին է ներկայացրել Փրկարար ծառայության ներկայիս բարեփոխումների, աղետների ռիսկի ենք և բնագավառում իրականացվող աշխատանքների, ծառայությունում անցկացվող սեմինար-պարապմունքների, վերապատրաստումների կարևորության, փորձի փոխանակման և ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Խոսելով թեմայի շուրջ՝ Կ․Ցուցուլյանն անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին և դրանց ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվող ընթացիկ միջոցառումներին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Փոլ Մորրիսը կարևորել է համագործակցության ընդլայնումը և շարունակականությունը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում փորձի փոխանակման շրջանակներում Մեծ Բրիտանիայում իրականացնել փրկարար ծառայողների մասնագիտական վերապատրաստումներ, մասնավորապես շեշտը դրվել է կինոլոգիական և սակրավորական ջոկատների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և անցկացման վրա։
Կամո Ցուցուլյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչներին այցի համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության զարգացման արդյունքում համատեղ իրականացվելիք ծրագրերն առավել առարկայական կդառնան և կնպաստեն ոլորտի զարգացմանը: