Բաժիններ՝

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տուգանքի չափերը կխստացվեն

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով խստացվում են պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ԱԺ հանձնաժողովում ներկայացրեց Գալստյանը:

«Ցավոք, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, օգտագործման, պաշտպանության ներկա իրավիճակը բավական հեռու է բավարար լինելուց: Եվ հուշարձանների նկատմամբ բավարար վերահսկողական գործուն մեխանիզմների բացակայությունն է դրան նպաստում»,-ասաց Գալստյանը:

Ըստ պատգամավորի՝ գործող օրենսդրությամբ բավականին ցածր վարչական տույժեր են նախատեսված, դրանք չեն նպաստում, որ հանրային ու անհատական պատասխանատվությունը մեծանա:

«Նախագծով սահմանված վարչական տույժերի չափն առաջարկում ենք խստացնել, գրեթե կրկնապատկել և սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվել է երկրորդ անգամ: 6 ամսվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելն առաջացնում է վարչական տույժ»,-ասաց պատգամավորը:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոների խախտման հոդվածով ամրագրված նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի վարչական տույժը պատգամավորն առաջարկում է փոխարինել 100-150-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքը սահմանել՝ 300-350-ապատիկի չափով: Իսկ 6 ամսվա ընթացքում խախտումը կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 400-ապատիկի չափով:

«Սա հանրային և հասարակական պատասխանատվությունը շատ ավելի խստացնող նորմ է: Այն կունենա կանխարգելիչ նշանակություն»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Պատգամավորը կարծում է, որ սա ամբողջությամբ չի լուծի պաշտպանության հետ կապված խնդիրները, սակայն կարևոր քայլ է համարում բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս