Ռուսաստանն առաջին անգամ դարձել է Հնդկաստան ապրանքների երկրորդ խոշորագույն մատակարարը
Ռուսաստանը 2023 թ.-ի առաջին եռամսյակում ռեկորդային գումարի ապրանքներ է արտահանել Հնդկաստան՝ առաջին անգամ դառնալով այդ երկրի երկրորդ խոշորագույն մատակարարը: Նման եզրահանգում է արել «РИА Новости» գործակալությունը՝ վերլուծելով Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարարության հրապարակած տվյալները:
Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանի արտահանումը Հնդկաստան հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 4,7 անգամ։ Այն հասել է 15,5 միլիարդ դոլարի՝ դառնալով պատմության մեջ ամենաբարձր եռամսյակային ցուցանիշը:
Չինաստանը մնացել է այս երկրի ապրանքների հիմնական մատակարարը: Դրա հետ մեկտեղ, Չինաստանի կողմից Հնդկաստանին վաճառքներն առաջին եռամսյակում նվազել են 15,4 %-ով՝ մինչև 22,6 միլիարդ դոլար։ Երրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է՝ 12,7 մլրդ դոլարով՝ նախորդ տարվա 12,1 մլրդ դոլարի համեմատ։
Չորրորդ տեղն զբաղեցրել է ԱՄՆ-ն. այնտեղից Հնդկաստան ներմուծումը տարեկան կտրվածքով նվազել է 8,8 %-ով։ Լավագույն հնգյակը եզրափակում է Սաուդյան Արաբիան, որից Հնդկաստանը գնել է 10,9 %-ով ավելի քիչ ապրանքներ, քան մեկ տարի առաջ՝ 10,4 միլիարդ դոլարի։
Միևնույն ժամանակ Հնդկաստանից դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 33 %-ով՝ հասնելով 946,6 մլն դոլարի, իսկ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 4,1 անգամ` հասնելով 16,45 մլրդ դոլարի։