Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում
Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը:
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածության մասին օրերս հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ժամկետների մասին կհայտնեն ավելի ուշ։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մայիսի 1-ից 4-ը բանակցություններ են անցկացրել նաև Վաշինգտոնում։