Բաժիններ՝

Հայաստանում հայատառ դոմենով կայքերի թիվն աճում է, հասանելի է դառնում հայատառ էլեկտրոնային հասցե ունենալը

Հայաստանում հայատառ դոմենով կայքերի թիվն աստիճանաբար աճում է: Արդեն շուրջ 1000 կայք գրանցված է հայատառ .հայ դոմենով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանն անդրադառնալով հայատառ դոմենով կայքերի թվի ավելացման ցուցանիշներին, նշեց, որ դրանք և ոգևորում են, և գոհացուցիչ չեն:

«Ոգևորիչ է, որովհետև տեսնում ենք, որ ամեն տարի հայատառ դոմենով կայքերի աճ է նկատվում: Գոհացուցիչ չէ, որովհետև աճի տեմպն է դանդաղ: Դրանից բացի, հայատառ դոմենով գրանցված կայքերից ոչ բոլորն են ակտիվ: Այստեղ մենք իրազեկման լուրջ խնդիր ունենք: Պոտենցիալ շահառուներին անհրաժեշտ է տեղ հասցնել կայքերը հայատառ դոմենով ունենալու կարևորությունը»,-ասաց Քրիստինա Հակոբյանը:

«Ինտերնետ հանրություն» կազմակերպությունն աստիճանաբար բարելավում է կայքերը հայատառ ունենալու տեխնիկական հնարավորությունները և նոր նշաձողեր սահմանում: «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ, տեխնիկական խմբի համակարգող Արամ Վերդյանը նշեց, որ կայքերը հայատառ ունենալու համար բոլոր տեխնիկական խնդիրները լուծված են:

«Ցանկացողները կարող են դիմել և ստանալ այդ հնարավորությունը: Կայքի հայատառ հասցեն հասանելի է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Բոլոր տեխնիկական հարցրեը կարգավորված են, խափանումների խնդիր չկա»,-ասաց Արամ Վերդյանը:

Կազմակերպությունը նոր հնարավորություններ է ընձեռում: «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանի խոսքով՝արդեն հասանելի է դառնում հայատառ էլեկտրոնային հասցե ունենալը: Ներկայում հնարավոր է «էլփոստ.հայ» փոստային հարթակում գրանցել հայատառ էլեկտրոնային հասցե, որից ուղարկված նամակները ճանաչելի են այլ էլեկտրոնային փոստային հարթակներում:

«Դրանից բացի, հնարավոր է նաև հայատառ էլեկտրոնային հասցե գրանցել .հայ դոմենում, պարզապես դրա համար անհրաժեշտ է կատարել մի քանի համապատասխան կարգավորումներ»,-ասաց Քրիստինա Հակոբյանը:

Կազմակերպության ներկայացուցիչները, կարևորելով կայքերի հայատառ տարբերակներ ունենալը, նկատեցին, որ դա կլուծի տառադարձության խնդիրը: Օրինակ, շատ դեպքերում հայերեն բառն անգլերեն տառերով գրելիս ոչ միշտ են հնչունային համարժեքություն ունենում: Դժվարություններ են առաջանում գրելաձևի հետ կապված: Դրանից բացի, շատերը, հատկապես ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք կամ չգիտեն անգլերեն կամ նրանց օտար լեզվի իմացությունը բավարար չէ, դժվարանում են որոնողական համակարգերում կայքեր փնտրելը: Նման պարագայում եթե Հայաստանում գործող, համացանցում հայկական բովանդակություն ստեղծող կայքերն իրենց ինտերնետային հասցեն ունենում են հայատառ, ապա դրանք հասանելի է լինում այդ խմբի մարդկանց: Այսինքն՝ քաղաքացին իր ազգային լեզվով կարողանում է օգտվել համացանցից:

Մասնագետները նկատեցին, որ աշխարհում ձևավորվել է և առաջ է տարվում «Համընդհանուր ընդունում շարժում»-ը, որը լայնորեն զարգանում է՝ խթանելով ազգային լեզուներով համացանցից օգտվելու հնարավորությունները։ Այդ շարժման շրջանակում համաշխարհային ցանցային մակարդակում լուծվում են տեխնիկական խնդիրներ, որոնք թույլ են տալիս համակարգերին ճանաչել ազգային լեզուների տառատեսակները, նիշերը։ Հայաստանն այդ առումով հայերեն տառերի ճանաչման հետ կապված խնդիր չունի, ինչն էլ հնարավորություն է տալիս գրանցել ոչ միայն դոմեն, այլև գործարկել հայալեզու էլեկտրոնային փոստ, որից նամակներ կարելի է գրել Google, Yahoo և այլ համակարգերի էլեկտրոնային փոստերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս