Տեխասում զանգվածային հրաձգությունից հետո Բայդենը կրկին բարձրացրել է հարձակողական զենքի վաճառքն արգելելու հարցը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ևս մեկ անգամ կոչ է արել արգելել հարձակողական զենքերը: Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությանը նախորդել էր հերթական զանգվածային հրաձգությունը ԱՄՆ-ում, որի հետևանքով 8 մարդ է մահացել, 7-ը՝ վիրավորվել: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառումից:
«Եվս մեկ անգամ եմ կրկնում, Կոնգրեսը պետք է ինձ ուղարկի օրինագիծ, որով կարգելվեն հարձակողական զենքերը և մեծ տարողությամբ պահեստատուփերը, կիրականացվի կենսագրության համապարփակ ուսումնասիրություն, կպահանջվի անվտանգ պահում, վերջ կդրվի զենք արտադրողների անձեռնմխելիությանը: Ես այն անմիջապես կստորագրեմ», – գրել է Բայդենը:
Մայիսի 6-ին ԱՄՆ Տեխասի նահանգի Ալլեն քաղաքի առևտրի կենտրոններից մեկում 33-ամյա Մաուրիսիո Գարսիան կրակ էր բացել՝ սպանելով 8, վիրավորելով 7 մարդու: Հրաձիգը սպանվել է Ալլենի ոստիկանների կողմից: Ըստ CNN-ի՝ իշխանությունները դեռ չեն պարզել հանցագործության շարժառիթը: Քննիչներն ուսումնասիրում են հանցագործի հնարավոր կապն աջ ծայրահեղականների հետ:
Անցյալ շաբաթ Տեխասում ևս մեկ հրաձգություն էր տեղի ունեցել. հրաձիգը կրակ էր բացել բժշկական հաստատությունում՝ սպանելով 1, վիրավորելով 4 հոգու:
Gun Violence Archive (Զենքի կիրառմամբ բռնությունների արխիվ) հետազոտական կազմակերպության տվյալներով՝ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել արդեն 202 զանգվածային հրաձգություն: Կազմակերպությունը զանգվածային է որակում այն հրաձգությունները, որոնց ընթացքում կրակում են 4 կամ ավելի մարդկանց վրա՝ չհաշված հրաձիգին: