Բաժիններ՝

Հայաստանի հանդեպ օտարերկրացիաների հետաքրքրության աճը շատ ակնհայտ է. Ղազարյանը՝ միգրանտների մասին

Հայաստանում օտարերկրացիների քանակն առնվազն վերջին տասնամյակում ավելացել է, նրանք նաև աշխատանքային, կրթական միգրանտներն են:

Այս մասին ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների թեմայով ասուլիսում:

Ղազարյանը նախ նշեց, որ միգրացիոն դինամիկան Հայաստանում փոխվել է:

«Անցյալ տարվա միգրացիայի մնացորդի ցուցանիշը եղել է +5900, 2021-ի ցուցանիշը եղել է բացասական, 2020-ին եղել է +3400: Վերջին 30 տարիների ընթացքում սրանք երկու եզակի դեպքերն էի, երբ Հայաստանում արձանագրվել է միգրացիայի մնացորդի դրական ցուցանիշ»,-ասաց Ղազարյանը:

Ըստ նրա՝ այս տարիները կրել են նաև կորոնավիրուսի և պատերազմի ծանր հետևանքները, դրա համար մշտական բնակչության պատկերի փոփոխությունն այդքան ակնհայտ չէ:

Անդրադառնալով սահմանահատումներին՝ Ղազարյանը տեղեկացրեց, որ վերջին 5 տարիների ընթացքում, բացառությամբ 2021 թվականի, որը կրել է հետկորոնավիրուսային և հետպատերազմական ազդեցությունը, սահմանահատումների որոշակի դրական դինամիկա ևս արձանագրվել է:

«2022-ին ընդհանուր սահմանահատումների ցուցանիշը եղել է +38 հազար (հեղ.-Հայաստան մուտքերի թիվը շուրջ 38 հազարով ավելի է ելքերի թվից) Հայաստանի քաղաքացիների մասով՝ -27 հազար (հեղ.-ՀՀ քաղաքացիների ելքերի թիվը շուրջ 27 հազարով ավելի շատ է, քան մուտքերի թիվը): Բայց դա էլ պետք է համեմատության մեջ դնել 2021-ի հետ, երբ -70 հազարի չափ էր, այսինքն ավելի քան 2 անգամ նվազել է Հայաստանի քաղաքացիների մասով բացասական մնացորդը»,-ասաց ծառայության պետը:

Սակայն, նրա խոսքով, միգրացիոն միտումները միայն դրանով չեն սահմանափակվում: «Իմ կարծիքով՝ մեր բազային միգրացիոն տենդենցը առնվազն վերջին տասնամյակում Հայաստանում օտարերկրացիների քանակի ավելացումն է, որն արդեն վիզուալ կերպով շատերը սկսել են արձանագրել»,-նշեց Ղազարյանը:

Խոսքը թե աշխատանքային, թե կրթական միգրանտների մասին է:

«Այսինքն՝ մենք ունենք արդեն ռեալ միգրանտական համայնք: 2022-ին Ռուսաստանից եկած ներհոսքն ուղղակի ավելի վիզուալ ու ակնհայտ դարձրեց, բայց այդ միտումը առնվազն անցյալ 10 տարվա ընթացքում նկատվում է: Եթե նայենք օտարերկրացիների ելքերի ու մուտքերի դինամիկան, օտարերկրացիների կողմից Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճը շատ ակնհայտ է»,-եզրափակեց Ղազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս