
Լիտվայում մեկնարկել են երկշաբաթյա զորավարժություններ ՆԱՏՕ-ի համահավաք գումարտակի մասնակցությամբ

Այսօր Լիտվայում մեկնարկել են «Գելեժինիս վիլկաս» («Երկաթե գայլ») միջազգային զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման համահավաք գումարտակի մասնակցությամբ: Նման հայտարարություն է արել բալթյան հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Երկշաբաթյա զորավարժությունների ընթացքում, որոնց հիմնական մասը տեղի կունենա Յոնավայի շրջանի Գայժյունայի զորավարժարանում, կմշակվեն հարձակողական և պաշտպանական գործողություններ «Գելեժինիս վիլկաս» մեքենայացված բրիգադին կցված մարտական խմբի և ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման համահավաք գումարտակի և Լիտվայի բանակի Վայդոտասի անվան գումարտակի մասնակցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։
Զորավարժություններին մասնակցում են շուրջ 3,5 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի 11 երկրներից և մոտ 600 միավոր զանազան ռազմական տեխնիկա։
Հրամանատարությունը նախազգուշացրել է առաջիկա օրերին ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Յոնավայի, Կայշյադորիսի, Կեդայնյայի և Ուկմերգեի շրջանների քաղաքացիական ճանապարհներին, ինչպես նաև այն մասին, որ վարժանքների մի մասը տեղի կունենա քաղաքացիական տարածքներում, բայց առանց իմիտացիոն ռազմամթերքի օգտագործման: