Սևանում 50-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել մորը և խեղդամահ արել. Քննչական կոմիտե
Պարզվել են Սևան քաղաքի 85-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ: Վերջինիս որդին ձերբակալվել է: Այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ 2023 թ. մայիսի 6-ին ժամը 20:55-ին «Սևան» ԲԿ է զանգահարել Սևան քաղաքի վերոնշյալ բնակչուհու որդին և հայտնել, որ մայրը իրենց տանը հանկարծամահ է եղել:
Դեպքի վայրի զննության ժամանակ դիակի վրա՝ մասնավորապես դեմքի ու պարանոցի շրջանում, հայտնաբերվել են կապտուկներ և արյունազեղումներ, վնասվածքներ են հայտնաբերվել նաև դիակի վերին և ստորին վերջույթների վրա:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 50-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել մորը և ձեռքերով պարանոցը սեղմելու եղանակով խեղդամահ արել վերջինիս:
50-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Տուժողի որդին հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 50-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: