Բաժիններ՝

Ուկրաինան հաղորդել է Կիևի և Օդեսայի հրթիռակոծության մասին, ռուսական կողմը ևս հայտնել է քաղաքների գնդակոծությունների մասին

Այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով և ռազմավարական ռմբակոծիչներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարբեր քաղաքների: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ տեղի իշխանությունների՝ Կիևում ԱԹՍ-ներով հարձակման հետևանքով կա առնվազն 5 վիրավոր:

«Երեք տուժածներ կան Սոլոմենսկի շրջանում իրականացված պայթյունի վայրում, մեկը՝ Սվյատոշինսկիում։ Նրանք բժշկական օգնություն են ստանում տեղում։ Սվյատոշինսկիի շրջանում երկու տուժածներ հոսպիտալացվել են», – Telegram-ում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Կլիչկոյի ներկայացրած տվյալներով` անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Սվյատոշինսկիի շրջանի երկհարկանի շենքի վրա։ Կիևում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։

Գիշերը հարվածներ են հասցվել նաև Օդեսայի մարզին։ Ըստ «Հարավ» միացյալ հրամանատարության տվյալների՝ X-22 տիպի հրթիռներն ընկել են սննդի ձեռնարկություններից մեկի պահեստի և Սև ծովի ափին գտնվող հանգստի գոտու վրա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Իսկ իր մայիսի 7-ի երեկոյան տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շաբաթ օրը Խերսոնի մարզի ուղղությամբ ռուսական զորքերի հարվածի հետևանքով զոհվել է ինը մարդ, որոնք ականազերծման աշխատանքներ էին իրականացնում։

Ռուսական կողմն էլ հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածների մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԶՈւ-ն 12-ժամյա ընդմիջումից հետո վերսկսել է Դոնեցկի գնդակոծությունը՝ քաղաքի վրա արձակելով 152 մմ տրամաչափի 4 արկ: Այնուհետև գրեթե մեկ ժամ անց Դոնեցկի վրա արձակվել է 155 մմ տրամաչափի 3 արկ:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից նաև հայտնել են Գոռլովկայի արևմուտքում գտնվող Գագարինի անվան հանքավայրի ավանի մեկ խաղաղ բնակչուհի վնասվածքներ է ստացել Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով: Հսկողության և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչի տվյալներով՝ առավոտվանից Ուկրաինայի զինված ուժերը ծանր հրետանուց երկու անգամ գնդակոծել են Գոռլովկան՝ արձակելով 152 մմ տրամաչափի 9 արկ։

Լույս մայիսի 8-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգից հարված են հասցրել նաև Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Մոլոդյոժնոյե գյուղին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031