![](/banners/BeFunky-design.jpg)
Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/1110392.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը:
Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա ներկա վիճակին, արտադրանքի և արտահանման ծավալներին, առկա ներուժի իրացմանը, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:
Նշվել է, որ ռազմավարության նպատակներն են երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանների ստեղծումն ու վարումը, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների և մոտեցումների կիրառումը:
Կարևորվել է հանքերի ապօրինի շահագործման դեմ հետևողական պայքարն ու այդ նպատակով հստակ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, պոչամբարների արդյունավետ կառավարումը:
Վարչապետը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները հաշվի առնելով՝ լրամշակել ռազմավարության նախագիծը և այն ներկայացնել կառավարության հաստատմանը: