Միայն էժանագին քարոզչահնարք, և ուրիշ ոչինչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Փաշինյան Նիկոլը չէր լինի, եթե չփորձեր ընդդիմությանը վարկաբեկող հայտարարություններ անել, ըստ որում, ավելի շուտ՝ բնականաբար, նենգախեղելով իրողությունները: Օրինակ՝ Չեխիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե վերջերս նկատել է, որ ընդդիմությունը լսել է իր ուղերձները, ինչը հաջողություն է համարում, որովհետև անցյալ տարի անգամ չէին լսում, անգամ «ինչ-որ բան էին շպրտում, կռվում էին բռունցքներով, ձեռքերով»: Տեսեք՝ ո՛վ ինչի՛ մասին է խոսում: ԱԺ դահլիճում ընդդիմադիրների վրա բռունցքներով ու աքացիներով մինչև հիմա հարձակվել ու խուլիգանական տուրուդմփոց են հրահրել առավելապես Փաշինյանի անվան խմբակցությունը ներկայացնող տարբեր անուն-ազգանուններով «փաշինյանները»:

Նման պահվածքում թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս նրանք են հենց աչքի ընկնում: Բայց այստեղ «աղը» նույնիսկ դա չէ: Փաշինյանի ամբողջ շեշտն այն է, թե ընդդիմությունն սկսել է իրեն լսել, հաշվի առնել կամ նման մի բան: Ամենից զավեշտականն այն է, որ Փաշինյանը դա ակնհայտորեն ասում է վարկաբեկելու նպատակով, հանրությանն ընդդիմադիրների դեմ տրամադրելու նպատակով: Այսինքն, ինքն էլ է հրաշալի հասկանում, որ ինքը՝ Փաշինյանը, իր իշխանության աստիճանավոր ներկայացուցիչներն արդեն այն աստիճան ատելի ու անընդունելի են հանրության համար, որ իր ասածն ունկնդրելն անգամ կարող է լսողի համար վարկաբեկիչ լինել: Իհարկե, դա խառնակչականության էքստրա կլասսի դրսևորում է: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը «մոռանում» է, որ ինքը թիկնազորքի առկայությամբ է միայն մտնում ԱԺ դահլիճ, եթե անգամ ընդդիմադիրները դահլիճում չեն:

Ու թյուրիմացաբար կարծում է, թե նախ՝ ինքը խոսելու տեղ ունի, երկրորդը, թե՝ իրեն «լսում են»: Թերևս ակնկալում էր, որ ընդդիմադիրներն ամեն անգամ ձեռքներն ընկած առաջին ծանր բանը պիտի իր վրա շպրտեն: Ու միգուցե զարմացել է, որ այդպես չեն անում: Հա, ի դեպ, ինչ վերաբերում է այն մեկ դրվագին, որի մասին ակնարկում է Փաշինյանը, հիշենք, որ դրանից հետո վերջինիս՝ ԱԺ գալուց առաջ դահլիճից բոլոր շշերը հեռացնում են»:

Տեսանյութեր

Լրահոս