ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են եղել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ և ռազմական կցորդներ, պատերազմի վետերաններ, Հայրենական մեծ պատերազմի ականավոր հայ զորահրամանատարների հետնորդները։
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Դեսպանն իր խոսքում ընդգծել է երիտասարդ սերնդի շրջանում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բազմազգ խորհրդային ժողովրդի անօրինակ սխրանքի հիշատակի պահպանման կարևորությունը։ Նա դիմել է Հայրենական մեծ պատերազմի՝ ներկա գտնվող վետերաններին՝ նշելով, որ հենց նրանց սխրանքն էր, որ փոխեց համաշխարհային պատմության ընթացքն ու կանխորոշեց արժանապատիվ կյանք բազմաթիվ սերունդների համար։ Նա նաև առանձին ընդգծել է հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ Հաղթանակի գործում։
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ՌԴ ԱԳ նախարարի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը և Հայրենական մեծ պատերազմի վետերան Իվան Լիտկինը։
Մ.Գալուզինը նշել է Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակի հիշատակի պահպանման կարևորությունը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Ա. Ֆոմինն իր խոսքում ընդգծել է մարտական եղբայրության ավանդույթների պահպանման արդիականությունը։
Միջոցառման շրջանակներում Վաղարշակ Հարությունյանը պատերազմի վետերաններին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի և Նելսոն Ստեփանյանի մեդալներով։
Իր հերթին Վ.Վոլկովը Հայրենական մեծ պատերազմի վետերան Իրինա Մխիթարյանին շնորհել է «ԽՍՀՄ 100 տարի» հուշամեդալը, իսկ ՀՀ դեսպանը պարգևատրվել է «Անկախ պետությունների վետերանների համագործակցություն» մեդալով։
Ընդունելությունն ուղեկցվել է դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից պատրաստած ծրագրով՝ նվիրված Մեծ հաղթանակին։