Չինաստանը նախազգուշացրել է, որ Ասիայում ՆԱՏՕ-ի ընդլայնման դեպքում տարածաշրջանային խաղաղությունը կխաթարվի
ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, անշուշտ, կհանգեցնի տարածաշրջանի կայունության վատթարացման: Այս մասին ասել է Չինաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ ТАСС-ի խնդրանքով մեկնաբանելով Ճապոնիայում ներկայացուցչություն բացելու ՆԱՏՕ-ի ծրագրերը։
«ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնումը դեպի արևելք` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և դաշինքի միջամտությունը տարածաշրջանային գործերին անխուսափելիորեն կխաթարեն խաղաղությունն ու կայունությունը», – ասել է Մաո Նինը:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ասիան «չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ»։
Մաո Նինը հավելել է, որ Ասիայում ՆԱՏՕ-ի առաջխաղացումը «կնպաստի դաշինքային առճակատմանը»:
«Դա պետք է դրդի տարածաշրջանի երկրների զգոնության բարձրացման», – ասել է նա։
Մայիսի 3-ին ճապոնական Nikkei թերթը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն մտադիր է հաջորդ տարի ներկայացուցչություն բացել Ճապոնիայում։ Այն կկատարի կապի գրասենյակի գործառնություններ, որի միջոցով ՆԱՏՕ-ի երկրներն ու Ճապոնիան կարող են խորհրդակցություններ անցկացնել տարբեր հարցերի շուրջ։ Հրատարակությունն ընդգծել էր, որ Տոկիոյի կապի գրասենյակի ներկայացուցչության միջոցով այդ խորհրդակցություններին կկարողանան նաև մասնակցել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները, մասնավորապես՝ Հարավային Կորեան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։ Հրատարակության տվյալներով՝ պաշտոնապես համապատասխան որոշումը կարող է հաստատվել մինչև ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենա հունիսի 11-12-ը Վիլնյուսում: