
Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա

Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա: Ըստ երկրի նախագահի գրասենյակի՝ այսօր Ֆինլանդիայում կանցկացվի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
Ավելի վաղ հանդիպմանը Զելենսկիի մասնակցության մասին չի հայտարարվել։
«Նախագահ Նիինիստյոյի և նախագահ Զելենսկիի միջև պաշտոնական բանակցությունների ընթացքում կքննարկվեն հանուն պաշտպանության Ուկրաինայի պայքարի և Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցերը, երկու երկրների երկկողմ հարաբերությունները և համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Օրվա երկրորդ կեսին Նիինիստյոն կանցկացնի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը, որին կմասնակցեն Զելենսկին, ինչպես նաև Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրը:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ գագաթնաժողովում քննարկվելու են Հյուսիսային Եվրոպայի երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող հետագա աջակցությունը, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների զարգացումը և արդարացի խաղաղություն հաստատելու Ուկրաինայի նախաձեռնությունը։