Բաժիններ՝

Երևանի բուսաբանական այգում բացվել է բուսաբան Արմեն Թախտաջյանի կիսանդրին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում տեղի է ունեցել աշխարհահռչակ բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հիմնադիր Արմեն Թախտաջյանի կիսանդրու բացումը:

Այս մասին հայտնեցին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայից։

«Արմեն Թախտաջյանի կիսանդրու շուրջ ստեղծված պուրակում աճեցնելու ենք գիտնականի անունը կրող բույսեր: Այս վայրը գիտության հանրայնացման, Բուսաբանական այգու գիտականությունը ներկայացնելու վայր է դառնալու»,- ասել է ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը:

Միաժամանակ այգում տեղի է ունեցել Բուսաբանական թանգարանի և Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի բացման արարողությունը։ Թանգարանում ներկայացված են Հայաստանի ժամանակակից բուսատեսակներն ու բրածո բույսերի նմուշները: «Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում, որը ստեղծվել է Գիտության կոմիտեի դրամաշնորհով, անցկացվելու են կարգաբանական հետազոտություններ, իսկ Բուսաբանական թանգարանը ներառված է հնէաբուսաբանության բաժնում, որն Արմեն Թախտաջյանի հիմնած դպրոցի մասնիկն է: Թախտաջյանի ստեղծած դպրոցը պետք է զարգանա, և իր աշակերտները պետք է իրենց փորձը փոխանցեն երիտասարդներին»,- ասել է Արսեն Գասպարյանը։

«Խորհրդանշական է, որ մենք մասնակցում ենք նաև ինստիտուտում Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի բացմանը: Առանց մոլեկուլային մոտեցման այժմ որևէ կենդանի օրգանիզմների կարգաբանություն անհնար է պատկերացնել: Արմեն Թախտաջյանն իր կյանքի ավարտից առաջ կարողացավ իր վերջին մենագրությունում բույսերի կարգաբանության մեջ ներդնել մոլեկուլային մեթոդների կիրառման արդյունքները», – նշել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։

Միջոցառման պատվավոր հյուրն էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը, ում 90-ամյա հոբելյանն օրերս նշվեց ՀՀ ԳԱԱ-ում։ Բուսաբանական այգում տնկվել է Յուրի Հովհաննիսյանի հոբելյանին նվիրված անվանական ծառ։

«Արմեն Թախտաջյանը կարգավորել է բուսական աշխարհի էվոլյուցիոն պատկերը՝ ելնելով բույսերի ծագման և զարգացման օրինաչափություններից: Յուրի Հովհաննիսյանը գնացել է դեպի մատերիայի առանձին տարրերը, կարգավորել է ատոմային մակարդակով նրանց օրինաչափությունները և ստեղծել է նոր էլեմենտներ: Այն, որ գիտության հսկա Յուրի Հովհաննիսյանն այսօր ակտիվ գործում է, խորհրդանշում է մտքի էվոլյուցիայի պարույրի, մեր ժողովրդի մտածելակերպի վերելքի շարունակականությունը», – ընդգծել է Ռուբեն Հարությունյանը:

«Արմեն Թախտաջյանի կենսագրությունը կարող է հանդիսանալ ձեռնարկ բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել գիտությամբ: Թախտաջյանը փայլուն ուսուցիչ էր: Իր աշակերտները եղել են առնվազն երեք սերնդի բուսաբաններ՝ սկսած նախորդ դարի 1940-ական թվականներից մինչև 2000-ականների սկիզբ», – ասել է ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, Արմեն Թախտաջյանի աշակերտ Ալլա Հայրապետյանը։

Միջոցառմանը մասնակցել է Արմեն Թախտաջյանի թոռը՝ Հայկ Թախտաջյանը: «Արմեն Թախտաջյանի մասին ամերիկյան մամուլում գրել են՝ «King of Botany»: Հույս ունեմ՝ կիսանդրու բացումը կնպաստի, որ ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլև մեր հասարակության լայն շերտերը ևս ճանաչեն նրա անունը և գործը», – նշել է Հայկ Թախտաջյանը։

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը շնորհակալագրեր հանձնեց կիսանդրու հեղինակ, քանդակագործ Արթուր Ավետիսյանին, ինստիտուտի աշխատակիցներ Աշոտ Բոգդանյանին, Նորիկ Շատոյանին, տարածքի բարեկարգմանն աջակցած «Ֆենսինգ Սիսթեմս» ընկերությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս