Վաշինգտոնը ձգտում է խաղաղության և կայունության Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում․ Վեդանտ Պատել

ԱՄՆ-ն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու միակ ճանապարհը բանակցություններն են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև կայացած բանակցություններին:

Պատելը շեշտել է, որ ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին:

«Պետքարտուղար Բլինքենը պատիվ ունեցավ ողջունել արտգործնախարարներին երեկ ընթրիքի ժամանակ, իսկ այսօր առավոտյան ներկա լինել Ջորջ Պ. Շուլցի Ազգային գործերի արտաքին գործերի ուսումնական կենտրոնում բացման լիագումար նիստին… Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Նա խորապես ներգրավված է եղել այս գործում: Դրանում խորապես ներգրավված է եղել նաև ավագ համակարգող Բոնոն (խմբ.՝ Լուիս Բոնո՝ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական)», – ասել է Պատելը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կշարունակի մեծ ուշադրություն դարձնել այս հարցին:

Դիվանագետը շեշտել է, որ Վաշինգտոնն ուրախ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին և նպաստել բանակցություններին, որոնց նպատակը Հարավային Կովկասում խաղաղ ապագան է:
Ինչ վերաբերում է բանակցությունների հնարավոր հաջողությանը, Պատելը նշել է, որ դա, ի վերջո, պետք է որոշեն երկու երկրները, և ԱՄՆ-ն ձգտում է «այս երկու երկրների միջև խաղաղության և կայունության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»:

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը ևս մեկ անգամ հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների հետ Էնթոնի Բլինքենի նախորդ եռակողմ հանդիպումների մասին՝ վստահություն հայտնելով, որ «երկու երկրների միջև խաղաղությունը հնարավոր է»:

Պատելի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ հարկավոր է ապահովել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Տեսանյութեր

Լրահոս