Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռավոր ապագայի մասին
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներն արդեն պայմանավորվել են ընդունել Ուկրաինային, սակայն այժմ այդ հարցն օրակարգում չէ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ի անդամներն ավելի վաղ պայմանավորվել Էին, որ Ուկրաինան կդառնա մեր դաշինքի անդամ: Միևնույն ժամանակ, դա հեռավոր ապագա Է», – ասել է պաշտոնյան Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ:
Նրա խոսքով՝ այժմ դաշինքի համար կարևոր է աջակցել Ուկրաինային` օգնելու նրան մնալ «որպես ինքնիշխան և անկախ պետություն»։
Ստոլտենբերգը հավելել է, որ հակամարտության ավարտից հետո «անհրաժեշտ է հասնել երաշխիքների, որ նման բան այլևս չի կրկնվի, այդ թվում՝ ուժեղացնելով Կիևի ռազմական հնարավորությունները»։
Գերագույն Ռադան 2014 թ. դեկտեմբերին փոփոխություններ Է մտցրել երկու օրենքի մեջ՝ հրաժարվելով պետության արտադաշինքային կարգավիճակից։ 2019 թ. փետրվարին Ուկրաինայի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել Սահմանադրության մեջ՝ ամրագրելով երկրի ուղեգիծը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։
Ուկրաինան դարձել է վեցերորդ պետությունը, որն ստացել է ընդլայնված հնարավորություններով ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ տարվա փետրվարի 28-ին ստորագրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը:
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածությանը։ Բանակցությունների մեկնարկի համար երկրները պետք է կատարեն մի քանի պայմաններ, ներառյալ՝ բարեփոխումներ անցկացնեն և ուժեղացնեն պայքարը կոռուպցիայի դեմ։