Մոսկվան պատրաստ է անցկացնել Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը. Լավրով

Ռուսաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել եռակողմ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել նման հանդիպումները», – ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը մանրամասնել է, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել այս ձևաչափով նոր հանդիպում անցկացնել։

«Հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, բայց առայժմ վերջնական համաձայնություն չի տալիս», – հավելել է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Մոսկվան մի քանի առիթներով, այդ թվում՝ 2022 թվականի դեկտեմբերին, հարթակ է տրամադրել արտգործնախարարների եռակողմ հանդիպման համար, սակայն հետո «հայ գործընկերները հայտնել են, որ չեն կարողանա մասնակցել այս միջոցառմանը»։

Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը շուտով կկարողանա պայմանավորվել «Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատման շուրջ»։

«Մենք խոսեցինք Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացի մասին: Հուսով ենք, որ շուտով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը՝ որպես համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև երկաթուղային երթուղու օգտագործումը վերականգնելու վերաբերյալ», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

 

Տեսանյութեր

Լրահոս