Բաժիններ՝

Թաիլանդում մեկնարկել են Cobra Gold 42-րդ միջազգային զորավարժությունները

Թաիլանդում այսօր պաշտոնապես մեկնարկել են Cobra Gold ամենամյա միջազգային զորավարժությունները, որոնք համարվում են ամենախոշորներից մեկը Հարավարևելյան Ասիայում։

Այս տարի զորավարժությունները կտևեն մինչև մարտի 10-ը. դրանք կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ են անցկացվում ամբողջական ձևաչափով։ Զորավարժությունների բացման արարողության ժամանակ Թաիլանդում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Գոդեկն ընդգծել է, որ այսօր Cobra Gold-ը դեպի ապագան միտված զորավարժություններ են:

«Դրանք համախմբում են աշխարհի 30 երկրներ՝ լուծելու այն բարդ խնդիրները, որոնք ոչ մի երկիր չի կարող լուծել միայնակ», – շարունակել Է նա: Բացի ԱՄՆ-ից և Թաիլանդից, զորավարժությունների մասնակիցներ ու դիտորդներ են դարձել ավելի քան 7300 զինվորականներ տասնյակ երկրներից։

Հիմնական վարժանքներին կմասնակցեն նաև Ինդոնեզիայի, Մալայզիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի զինվորականները։ Մարդասիրական օգնության զորավարժություններին կներգրավվեն զինվորականներ Ավստրալիայից, Հնդկաստանից և Չինաստանից։ Այս տարի որպես դիտորդներ հանդես են գալիս Բրազիլիայի, Վիետնամի, Գերմանիայի, Հունաստանի, Կամբոջայի, Քուվեյթի, Լաոսի, Պակիստանի, Շվեդիայի և Շրի Լանկայի ներկայացուցիչները: Բացի դրանից, պլանավորման և ընդլայնման բազմազգ խմբին են միացել Բանգլադեշը, Բրունեյը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Մոնղոլիան, Նեպալը, Նոր Զելանդիան, Ֆիջին, Ֆիլիպինները և Ֆրանսիան:

Cobra Gold զորավարժությունները թագավորությունում անցկացվում են ամեն տարի՝ 1982 թ.-ից ի վեր և ԱՄՆ-ի և Թաիլանդի միջև ռազմական համագործակցության գլխավոր խորհրդանիշներից մեկն են: Անցած 10 տարիների ընթացքում զորավարժություններին մասնակցող ամերիկացի զինծառայողների թիվը 10 հազարից նվազել է մինչև մոտ 6–7 հազարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս