Լյուքսեմբուրգը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մենք հայերի կողքին ենք․ Ջունա Բերնարդ
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Ջունա Բերնարդը նշեց, որ խստորեն դատապարտում են Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը։
«Մենք խստորեն դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում։ Տեղի ունեցող հումանիտար ճգնաժամը շատ մտահոգիչ է, և մենք Լյուքսեմբուրգում շատ ուշադիր հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին, և այդ իսկ պատճառով էլ մեզ համար այս խորհրդարանական այցը շատ կարևոր է, որպեսզի համերաշխության և աջակցության տեսանկյունից ուժեղ ազդակ ուղարկենք հայ ժողովրդին»,- ասաց Բերնարդը։
Պատգամավորների պալատի փոխխոսնակը կոչ արեց Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ լուծումներ գտնել՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը և ողջ հայ ժողովրդին։
«Կարծում եմ, որ այժմ գալիս են շատ դժվար ժամանակներ, ճգնաժամեր են Հայաստանում և տարածաշրջանում, և մենք ձգտում ենք հնարավորինս աջակցել Հայաստանում տեղակայված ԵՄ մեր քաղաքացիական առաքելությանը, որին մենք ևս մասնակցում ենք, ինչպես նաև Հայաստանի և Լյուքսեմբուրգի հարաբերությունների զարգացմանը, որոնք ավելի ամուր են դարձել, քան երբևէ։ Անցած շաբաթ նախարար Ասելբորնի (Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորն-խմբ․) այցի շնորհիվ տեղի ունեցավ մեր խորհրդարանական այցը, և ես կարող եմ միայն ընդգծել, որ Լյուքսեմբուրգը պատրաստվում է շարունակել աջակցել հայերին»,- ընդգծեց Բերնարդը։
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի CSV խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձևերի համահեղինակ Կլոդ Վիզլերը միշտ ցանկացել է Հայաստան գալ և այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Պետք է ասեմ, որ առաջին անգամ եմ Հայաստանում, ուստի այստեղ գտնվելը շատ տպավորիչ է։ Այս հուշահամալիրում գտնվելը շատ հուզիչ է ինձ համար։ Մենք Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենք ութ տարի առաջ Լյուքսեմբուրգի խորհրդարանում։ Ես միշտ ցանկացել եմ գալ այստեղ՝ այս հուշահամալիրը տեսնելու համար, և պետք է ասեմ, որ շատ ազդված եմ»,- ընդգծեց Վիզլերը։
Պատգամավորը ընդգծեց, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը Հայաստանի կողմից է և աջակցում է հայ ժողովրդին։
«Ամբողջ խորհրդարանը շատ հստակ ասել, թե մենք ում կողմն ենք։ Մենք աջակցում ենք հայ ժողովրդին, մենք աջակցում ենք ձեր գործին։ Եվ մենք դա կանենք առաջիկա տարիներին։ Մինչ դուք հասնում եք ձեր նպատակներին, մենք ձեր կողքին ենք»,- ասաց Վիզլերը։
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի պատվիրակությանը ուղեկցում էին Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը և Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը: Վերջինս շատ բարձր գնահատեց թե բարեկամական խմբի աշխատանքը, թե առհասարակ միջխորհրդարանական հարաբերությունները։
«Նախորդ տարի՝ որպես բարեկամական խմբի ղեկավար, իմ պատվիրակությամբ այցելել եմ Լյուքսեմբուրգ, և այսօր մենք հյուրընկալում ենք Լյուքսեմբուրգի պատգամավորական պատվիրակությանը։ Տեղյակ եք, որ տեղի է ունեցել նաև արտգործնախարարի այց, դրանից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր այցելել Լյուքսեմբուրգ։ Այսինքն, վերջին տարիներին տեսնում ենք այս հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակն էլ իր խոսքում նշեց, որ սա պարզապես այց չէ, այն թե միջազգային մակարդակով ուղերձ է, թե աջակցություն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի»,- եզրափակեց Ղազարյանը։