Բաժիններ՝

Nokia-ն փոխել է տարբերանշանը և ռազմավարությանը

Nokia-ն (NOKIA.HE) կիրակի օրը հայտարարել է, որ գրեթե 60 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում է փոխել իր տարբերանշանը և ռազմավարությունը և կենտրոնացած է ագրեսիվ աճի վրա:

Նոր տարբերանշանում ընկերությունն այլ լուծում է տվել, որի արդյունքում NOKIA բառն այլևս ուրիշ տեսքով է: Հին լոգոյի խորհրդանշական կապույտ գույնը փոխարինվել է գույների շարքով՝ կախված տարբերանշանի օգտագործումից:

Ընկերության գլխավոր տնօրեն Պեկկա Լունդմարկը հայտարարել է, որ այդպիսով իրենք ցանկանում են վերագործարկել բրենդը և այլևս չասոցացվել բջջային հեռախոսների հետ, քանի որ այժմ իրենք տեխնոլոգիական ընկերություն են բիզնեսի համար:

2020 թ.-ին ֆիննական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելիս Լունդմարկը երեք փուլից կազմված ռազմավարություն էր որդեգրել՝ վերագործարկում, արագացում և ընդլայնում: Լունդմարկը հայտնել է, որ առաջին փուլն արդեն ավարտված է, և ընկերությունն անցնում է երկրորդ փուլին:

Nokia-ն նպատակ ունի ընդլայնել ծառայությունների մատուցման իր բիզնեսը՝ սարքավորումներ վաճառելով հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին:

«Reuters»-ը նշում է, որ Nokia-ի նպատակաուղղվածությունը դեպի արտադրության ավտոմատացում և տվյալների կենտրոններ կհանգեցնի մրցակցության այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Microsoft-ը և Amazon-ը:

Nokia-ն բջջային հեռախոսների երբեմնի խոշորագույն արտադրողն էր աշխարհում, սակայն 2014 թվականին վաճառել էր այդ բիզնեսը Microsoft-ին: Դրանից հետո ընկերությունը կենտրոնացել է հեռահաղորդակցության սարքավորումների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս