G7-ը 2023 թ.-ին Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը հասցրել է 39 միլիարդ դոլարի
Մեծ յոթնյակի (G7) երկրները 2023 թ.-ին Ուկրաինային բյուջետային և տնտեսական աջակցության իրենց պարտավորություններն ավելացրել են մինչև 39 միլիարդ դոլար:
Այս մասին հաղորդվում է G7-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ: «Մենք, միջազգային հանրության հետ միասին, առաջվա պես վճռականորեն հանձնառու ենք Ուկրաինայի անհետաձգելի կարճաժամկետ կարիքների ֆինանսավորման հարցում:
Հիմնվելով Ուկրաինայի կառավարության կարիքների վրա՝ 2023 թ.-ի համար մենք ավելացրել ենք բյուջետային և տնտեսական աջակցության մեր պարտավորությունները մինչև 39 միլիարդ ԱՄՆ դոլարի: Այդ նշանակալի պարտավորությունները և դրանց արագ հատկացումը վստահություն են հաղորդում Ուկրաինային և հնարավորություն տալիս իշխանություններին՝ ապահովել կառավարության գործունեությունը, շարունակել հիմնական ծառայությունների տրամադրումը, իրականացնել վնասված ենթակառուցվածքների առավել անհրաժեշտ վերականգնումը և կայունացնել տնտեսությունը», – ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ G7-ի ֆինանսների նախարարների հանդիպմանը Բանգալորում (Հնդկաստան) մասնակցել են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խմբի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Ֆինանսական կայունության խորհրդի ղեկավարները, ինչպես նաև տեսակապով՝ Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն: 2022 թ.-ի վերջին հաղորդվել էր, որ G7-ի երկրները 2023 թ.-ի համար մինչև 32 միլիարդ դոլար են հավաքագրել Ուկրաինային օգնելու նպատակով։