
Աբդոլլահիանը վերահաստատել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության դեմ լինելու Իրանի դիրքորոշումը

Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ հերթական նստաշրջանի շրջանակներում հանդիպում է կայացել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրան արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Իրանի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ ընդգծել է. Հայաստանի հետ Իրանի հարաբերությունները պատմական են և համահունչ են ողջ տարածաշրջանի շահերին: «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերությունները վնաս չեն ոչ մի երկրի։ Մենք աջակցում ենք կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացմանը, սակայն մեր հիմնարար քաղաքականությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության դեմ լինելն է»,- նշել է Աբդոլլահիանը։
Նա ընդգծել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունների զարգացման բարձր ներուժ, հատկապես՝ տնտեսական ոլորտում։