
Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի մարզերի 1350 ընտանիքների մարդասիրական օժանդակություն է տրամադրել

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունն էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության հովանու ներքո, ինչպես նաև ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությամբ «Ձմեռակացի բարեգործական ծրագիր» է անցկացրել ՀՀ Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Ինչպես տեղեկանում ենք ԱՄԷ-ի դեսպանության տարածած հաղորդագրությունից, բարեգործական արշավի վերջին կանգառն Արագածոտնի մարզում էր, որտեղ փետրվարի 27-ին մարդասիրական օժանդակություն է տրամադրվել Աշտարակ համայնքի շուրջ 200 ընտանիքի։
Ընդհանուր առմամբ՝ ծրագրի շրջանակում շուրջ 1350 անապահով ընտանիքների տրամադրվել են ձմեռային վերմակներ ու էլեկտրական տաքացուցիչ սարքեր։Նախագիծը կրում է ամենամյա բնույթ և իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։