Արարատ Միրզոյանն Իրանի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների ԼՂ-ի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 27-ին Ժնևում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձևաչափով, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացումը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել Է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Տեսանյութեր

Լրահոս