
Մարմնական վնասվածքներ պատճառած 38-ամյա տղամարդը ձերբակալվել է

Փետրվարի 11-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի և ազդրի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության են տեղափոխվել Գետափ գյուղի երկու բնակիչ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չէին հաղորդում տալու:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Եղեգնաձորի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել էին, որ դեպքը տեղի էր ունեցել Երևան-Մեղրի ճանապարհի 126-րդ կմ հատվածում:
Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է երիտասարդներին մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը:
Եղեգնաձորցի 38-ամյա տղամարդը փետրվարի 27-ի ժամը 00.30-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է: